Skip to main content

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։ 

Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։ 

I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։

Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ուզում եմ մի քիչ պատմել, թե ինչ ա իրենից ներկայացնում enmeshment - խճճված հարաբերությունները։ Երևույթը կարծում եմ շատերին ա ծանոթ։

Շատ հետազոտություններ ու օրինակներ են ցույց տվել, որ երեխայի առողջ էմոցիոնալ ու ֆիզիկական զարգացման համար շատ կարևոր ա նրան խնամող մեծերի հետ կապը, առավել ևս կյանքի առաջին տարիներին, որքան կարևոր ա ծնողի ներկայությունն ու աջակցությունը երեխայի եսի ձևավորման համար ու ինչպիսի մեծ ֆիզիկական ու մտավոր խնդիրներ են լինում այդ կապի, քաջալերման բացակայության ժամանակ։ 

Բայց արի ու տես, որ հակառակ դեպքն էլ ա լինում, երբ ծնողն էնքան ա մտնում երեխայի կյանք, որ ժամանակին տեղի չի ունենում ծնողից էմոցիոնալ ու ֆիզիկական անկախացում, սեպարացիա (հայերեն՝ պորտալարը չի կտրվում) ու սերտաճում են իրար։ Արդյունքում երեխան զրկվում ա ինքնուրույնանալու, սեփական մտքերը ձևավորելու, ծնողից անկախ իր հետաքրքրություններն ունենալու հնարավորությունից ու ունակությունից, խաթարվում ա երեխայի անհատականության ձևավորումը։

Շատերը լինելով նման հարաբերություններում չեն հասկանում, որ այդ իրավիճակում են, այն շփոթում են մտերմության հետ, բայց իրական մտերմության ու առողջ հարաբերությունների ժամանակ կողմերը չեն կորցնում իրենց եսը, ունեն կարծիք հայտնելու, ինքնարտահայտվելու, ազատ ու իրենց նախասիրություններին համապատասխան ընտրութուն անելու հնարավորություն։

Խճճված հարաբերությունների դեպքում ծնողները իրենց հուզական կարգավորման համար հույսը դնում են իրենց երեխաների վրա ու ակնկալում են էմոցիոնալ աջակցություն: Նրանք նաև ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ իրենց երեխաները չափից դուրս կախված են իրենցից ու երեխաներն էլ չեն կարողանում առանց ծնողի, ինքնուրույն հաղթահարել ծառացող խնդիրները, նույնիսկ հասուն տարիքում։ Իսկ առողջ ծնող-երեխա հարաբերությունների ժամանակ, ծնողն օգնում ա, նպաստում ա, որ երեխան կարողանա ինքնուրույն լինել, ձևավորել ու զարգացնել իր անհատականությունը։ Առողջ հարաբերությունների ժամանակ կա սերտ ու ջերմ կապվածություն, բայց ոչ իրարից կախվածություն։

Խճճված հարաբերությունների ժամանակ ընտանիքի անդամները չունեն առանձին հետաքրքրություններ, զբաղմուքներ, ընտանիքի անդամների դերերն ու նրանցից ակնկալիքները խառնված են, անձնական սահմանները լղոզված են, մարդ չունի իր սեփական կարծիքը, չի էլ կարող ունենալ, քանի որ եթե այլ կարծիք արտահայտի, կարող ա մերժվել, քննադատվել, մեղադրվել, ամոթանքի արժանանալ ծնողի, ընտանիքի մյուս անդամնների կամ զուգընկերոջ կողմից։ 

Այս տեսակի հարաբերություններ ունեցող երեխաները եթե չեն կարողանում ազատվել այդ կապանքներից, ապա մեծանալով իրենք են սկսում նմանատիպ հարաբերություններ ստեղծել իրենց զուգընկերոջ հետ, նրանից չստանալու դեպքում էլ հիվանդագին կախվածություն են ստեղծում սեփական երեխայի հետ։ 

Նման դեպքերում հասուն տղամարդու մայրը կարող ա խառնվել ամուսնացած որդու անձնական հարցերին, զանգել ու նախատել որդու նախկին ընկերուհուն, մասնակցել որդու ընտանեկան որոշումներին, որդու կնոջ մասին բացասական, քննադատական, վիրավորական խոսքերով արտահայտվել ու մտածել, որ իր որդուն արժանի կին չկա, միայն ինքն ա գնահատում իր տղային։ Մաման կարող ա խանդել որդու կնոջը, պապան՝ աղջկա ամուսնուն։

Նույնիսկ եթե որդին հասկանում ա, որ էդ ամենը սխալ ա, նա ոչինչ չի ասում մորը, քանի որ սիրում ա նրան, չի ուզում նեղացնել, հնարավոր ա, որ փորձի, բայց մայրը շահարկի իր նվիրումը որդուն, ինչու չէ նաև առողջական վիճակը որպես խաղաքարտ օգտագործել։ 

Նույնն էլ պատահում ա մայր ու աղջիկ հարաբերություններում։ Մայրն աղջկա անձնական կյանքից էնքան տեղյակ ա, որ ամեն մանրամասներով գիտի իր դստեր ու ամուսնու հետ զրույցներից ու վեճերից։ Մոր եմ օրինակ բերում, բայց նման հարաբերություններ լինում են նաև հոր հետ ու ընտանիքի ցանկացած այլ անդամի հետ, ընկերների հետ։ 

Նման հարաբերություններ ունենալու պատճառները տարբեր են, կարող ա փոխանցվել սերնդեսերունդ կամ կյանքի որևէ փուլում առաջանա երեխայի հիվանդության, տրավմաների կամ այլ տեսակի խնդիրների պատճառով, կարիքից դրդված ծնողը չափից շատ ներգրավվի իր երեխայի կյանքում, որ նրան պաշտպանի ու աջակցի: 

Մենք սոցիալական էակներ ենք, հուզական ու ֆիզիկական գոյատևման համար մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեն այլ մարդկանց ներկայությունն ու մտերմությունը ու այդ կարիքը ձևավորվել ա դեռևս հնագույն ժամանակներում, բայց միևնույն ժամանակ պետք ա ուշադիր լինեք, որ ընտանեկան մտերմություն, ջերմ, աջակցող հարաբերությունները չշփոթենք խճճված հարաբերությունների ու կախվածության հետ։

Խճճված հարաբերություններ լինում են երեխաների ու ծնողների միջև, ռոմանտիկ հարաբերություններում, ընտանիքի անդամների, ընկերների հետ ու դրանց նշաններից են`

  • անձնական սահմանների բացակայություն
  • անձնական կարծիք ունենալու հնարավորության բացակայություն
  • էմոցիոնալ խիստ կախվածություն ընտանիքի անդամից
  • երբ ծնողը փոքր տարիքից երեխային ընկալում ա ու վերաբերվում ա, որպես ընկեր ու երեխան իր ուսերին ա կրում ծնողի հուզական կայունությունը, կարիքները
  • երբ հասուն զավակները որոշումներ կայացնելիս ծնողներից են վերջնական կարծիք ու թույլտվություն հարցնում
  • իրարից առանձին հետաքրքրությունների, ժամանակի, ընկերական շրջապատի, զբաղմունքների, նախասիրությունների բացակայություն
  • խմբային մտածողություն. մենք էսպես ենք մտածում, մենք էսպես են անում, մենք էսպես ենք ապրում
  • երբ ընտանիքի մի անդամը պատասխանատվություն ա կրում մյուս անդամի վարքի ու արարքների համար
  • երբ մարդն իր անձնական կարիքները հոգալու համար ընտանիքի անդամի, ընկերոջ հանդեպ իրեն մեղավոր ա զգում
  • երբ ծնողը ընտրության հնարավորություն չի տալիս, թույլ չի տալիս դառնա անհատ, լավ ա զգում, որ երեխան իրենից կախված ա ու ինքն ա հոգում նրա կարիքները
  • երբ ծնողը երեխայի հաջողություններն իրեն ա վերագրում, զգում ա որպես անձնական հաղթանակ, իսկ ձախողումների համար մեղադրում ա, սուր քննադատում ու ընդունում որպես սեփական պատվի ոտնահարում, խայտառակում
  • երբ չափահաս զավակի առանձին ապրելու ցանկությունը, արտերկիր մեկնելու պլանները ծնողը ընկալում ա, որպես անձնական վիրավորանք, դավաճանություն, անհանդուրժելի արարք, աններելի մեղք ու ծնողը կարող ա ասել, «եթե էս տնից դուրս էկար, ուրեմն ես էլ աղջիկ/տղա չունեմ»․․․

Կարծում եմ արդեն ամենքս էլ կարող ենք բազմաթիվ օրինակներ մտաբերել մեր շրջապատից։ 

Մի խոսքով, էս ամենը դիտարկենք որպես ահազանգ, այլ ոչ թե որպես քննադատություն, քանի որ ոչ մեկս էլ ապահովագրված չենք դրանից ու փորձենք գիտակցորեն վերաբերվել մեր մտքերին, արարքներին ու հասկանանք, թե ինչպիսի հարաբերություններ ենք ուզում ստեղծել ինքներս մեզ հետ ու մեզ համար կարևոր մարդկանց հետ, սահմանենք մեր սահմաններն ու հարգենք, ընդունենք դիմացինինը, մեր երեխաներին էլ փոքր տարիքից ընկալենք որպես առանձին մտքով, կարծիքով, կյանքի ուղիով անհատների, ոչ թե մեզ կցորդների։













Comments

Popular posts from this blog

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Այս գրառման շրջանակում մանրամասնորեն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փո...

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Gaslighting - գեզլայթինգ (գազլայթինգ)

Գեզլայթինգը էմոցիոնոլ ճնշման ու բռության ձև է։ Որևէ մեկին գեզլայթ անել նշանակում է արժեզրկել նրա իրականությունը, ժխտել փաստերը, նրա զգացմունքները։ Գեզլայթինիգի ենթարկողը թիրախին ստիպում է չլսել սեփական հույզերը, մերժել շուրջը կատարվող իրադարձությունները։ Որտեղի՞ց ծագեց անունը Այս եզրույթի անունն ու կիրառումը տարածում գտավ 1944 թվականի Gas Light ֆիլմից հետո, երբ ֆիլմում ամուսինը հատուկ լամպերն էնպես է անում, որ թրթռան։ Հերոսուհին նկատում է դա ու ամուսնուն ասում է այդ մասին, իսկ ամուսինն էլ կնոջը համոզում է, թե նման բան չկա, աչքին է երևում, այդ ամենն իր գլխում է կատարվում։ Այսպիսով, ամուսինն իրեն սիրող ու անվեհապահորեն վստահող կնոջը գեզլայթի է ենթարկում, իսկ կինն էլ սկսում է կասկածել իր իրականության ընկալում վրա։ Գեզլայթինգի կարող են ենթարկել տարբեր ոլորտներում, օրինակ՝ ընտանիքում, աշխատավայրում, քաղաքական դաշտում, ընկերական ու ռոմանիկ հարաբերություններում, ամեն հնարավոր հարաբերություններում։ Սովորաբար գեզլայթերն ունի թիրախի հարգանքը, վստահությունը, և գեզլայթերն ունի որոշակի իշխանություն...

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։ Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։ Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։ Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտութ...

Paralympics - watching with kids

Երեկ խոսակցության ընթացքում տղաս ասաց, որ ուսուցիչը մի քանի բառով ասել էր Պարալմիպիկ խաղերի մասին, գուգլի փնտրելու դաշտում տեսել էին խորհրդանշող նկարը։ Ես էլ առիթից օգտվեցի ու էս թեմայով սկսեցինք զրուցել։ Առաջարկեցի միասին նայել բացման արարողությունը։ Մի քանի րոպեանոց վիդեո էր ու ավելին ուզեցին, բայց դեռ նոր էր սկսել ու ավել բան չկար դիտելու, մենք էլ յություբով 2014 թվականի առաջին պատահած մրցումը դիտեցինք։ Տղամարդկանց լողի մրցումն էր։ Հա՛մ դիտում էինք, հա՛մ քննարկում։ - Պարալիմպիկ խաղերը հաջորդում են Օլիմպիական խաղերին ու այս ձմեռային խաղերը Պեկին - 2022 կայանալու է մարտի 4-13։ - Պատմեցի, որ մասնակցում են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկները։ - Քննարկեցինք մարզիկների ֆիզիկական տարբերությունների, պատրաստվածության մասին։ - Իրենց մոտ էլ լիքը հարցեր առաջացան, պատասխաններից ավելի շատ նոր հարցեր - իսկ ինչո՞ւ են ձեռքերը կարճ, բա ո՞նց ա լողալու, իսկ ինչո՞ւ մի ոտք չունի, եթե ձեռք չունի, ո՞նց ա բռնվելում, իսկ դժվար չի՞։ Ասացի, որ դժվար ա, բայց իրենք մեծ ջանք ու ժամանակ են տ...

Հայ գրականություն․ ճանաչենք հայ կին գրողներին. Զապել Եսայան

Մինչ այս գրառումը կարդալն առաջարկում եմ մի պահ հիշել ձեզ հայտնի հայ տղամարդ գրողների անունները։ Վստահ եմ առնվազն 10 գրողի անուն հիշեցիք։ Իսկ հիմա փորձեք հիշել հայ կին գրողների անունները։ Քանի՞ կին գրողի անուն հիշեցիք։ Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։ Մեր դասագրքերում ներկայացված էին հայ տղամարդ գրողները և նրանց ստեղծագործությունները։ Դասարանի պատին փակցված էին տղամարդ գրողների նկարները։ Ես շատ հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ գրականություն ունենք, բայց ցավոք դասագրքերում ամբողջ պատկերը ներկայացված չէր։  Այնպես չէ, որ չունեինք կին գրողներ, ու դրա համար ներառված չէին։ Ներկայացված չէին 19-20-րդ դարերի ականավոր կին գրողները, ովքեր միշտ կարևոր գործ են կատարել հայկական մշակույթի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության, ազգապահպանման գործում։ Օրինակ բերեմ ոմանց անունները՝ Սրբուհի  Տյուսաբ (Վահանյան 1840–1901 թթ.) Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.) Շուշանիկ...